Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, January 13, 2017

Ալինա/ Հովիկ Կեուչկերյան



Հովիկ Կեուչկերյան
Մինչև իմանալը, թե ինչ բան է կյանքը,
լողալով մարդկային գիպսակարտոնի միջով,
կճաշակես, կհոտոտես, կդիպչես, կլսես, կտեսնես
Այդ ժամանակ ավելի քան երբևէ մոտ կլինես կյանքը հասկանալուն:
Կտեսնես քո աչքերով` գոհարներ դարձած, ցավի գոհարներ,
հաճույքի գոհարներ, դյուրազգացության գոհարներ:
Կտեսնես ցավ` սև գոհարների, ու բերկրանք` լույսե գոհարների տեսքով:
Պատկերները կհսկեն քո քունը և այն կգուրգուրեն:
Կփակես աչքերդ, որպեսզի չտեսնես ու կտեսնես ավելի, քան երբևէ:
Աչքերդ կբացես, որ փնտրես ու կգտնես ստվերներ,
ու քո ստվերների մեջ քեզ կգտնես, որպեսզի կարողանաս այդուհետ
նայել ինքդ քո դեմքին:

Քեզ կտեսնես ուրիշների մեջ, կնայես նրանց ներսը՝ քեզնից մի մասնիկ տեսնելու համար
Կկատարվի սա ամեն օր ու ամեն օր կմեռնի՝ արևի հետ նորից ծնվելու համար:
Ամեն պոռթկման հետ կփակես աչքերդ, որպեսզի տեսնես,
ու լայն կբացես` բաղձալով կուրանալ:
Կարտասվեն աչքերդ դառն արցունքով,
ու նույն արցունքները երանության արտասունք կլինեն:
Բոլորը կլինեն աղի, բոլորը ծովաջրի կաթիլներ կլինեն,
բոլորը կբերեն գլխապույտներ, փոթորիկներ, հաշտություններ
ու վերածնունդներ:
Բոլորը քոնը կլինեն,
կծնվեն ու կմեռնեն քո դեմքի արահետների վրա,
ու բոլորը, բոլորը քեզ կդարձնեն ավելի ամբողջական, ավելի մաքուր, ավելի կենդանական,
ավելի մարդ, ավելի հավատարիմ դեպի քո ներսը նայող հայացքիդ:
Աչքերդ կլինեն քո դիմակը, քո ճշմարտությունը, քո սուտը, առանց բառերի
քո խոստովանանքը:
Աչքերդ կխոսեն անձայն,
կլինեն, առանց քո իմացության, քո անարատ հոգու ձայները:
Հետ կնայես ու
կբախվես անխուսափելի ըմբռման հետ, որ այն, ինչ կատարվել է, այլևս հնարավոր չէ փոխել,
կսովորես, որ պետք է նայել առաջ,
որ միայն հորիզոններին ոտք դրած   
կարելի է նայել հետ ներում ստանալու համար,
ներելու համար:
Կլսես հեռավոր բառեր, ականջներդ կսուլեն:
Լսիր այդ սուլոցը, պարիր այն:
Պարիր մեղեդիներն ուրիշների խոսակցությունների,
Բայց երբեք չպարես դրանց համահունչ:
Կլսես ձայներ,
բայց միայն քոնը քեզ կուղեկցի միշտ:
Կխոսի քեզ հետ առանց իրեն դիմելու, ու այլ ելք չես ունենա,
քան լսելն է:
Կասես նրան, որ լռի, բայց չի ենթարկվի,
Նրա ձայնին ունկնդրելու մեջ է լինելու քո հանդիպումը քեզ հետ։
Կդառնաք ընկերներ:
Եվ երբ չլինի, իսկ երբեմն չի լինելու,
կաղերսես, որ վերադառնա:
Լսիր լռությունները: Այդտեղ է ապրում ճշմարտությունը:
Միայն լռություններում կհասկանաս, որ աղմուկը հնարել է
մարդը:
Ականջ դիր բոլոր հոգիներին:
Բոլորը, բոլորը պատմելու բան ունեն:
Դու չես, որ նրանց ձայները կլռեցնես,
իսկ եթե լռեցնես, այլևս դու չես լինի:
Չհարմարվես ու շարժվես ըստ նրա, թե ինչ են ասում
նրանք, ովքեր գիտեն, թե ինչ են ասում:
Լսիր միայն քո խորքերից եկող ձայները:
Կյանքը երեսիդ կշշնջա բառեր, որ դու չես հասկանա:
Քո ազատ լինելը կայանում է դրանք լսել ու չհասկանալու մեջ:
Ժպտա, լաց եղիր, տարվիր, զգա քո զգացողությունները:
Քո խիղճը կխոսի քեզ հետ:
Լսիր նրան, բայց թույլ չտաս, որ դառնա ուսապարկ,
դու սխալվելու իրավունք ունես:
Քո զգացմունքը կբղավիր ականջիդ, կփաթաթվես նրան ու կդողաս,
ու ամեն քայլափոխին քո լռությունների մեջ նա կլսի քեզ:
Լսիր քո բաբախյունը:
Այդ մեղեդին կուղեկցի քո քայլքը սկիզբից
մինչև վերջ, ու եթե ապրել ես քո՛ կյանքը, ոչ թե ուրիշներինը,
քո բաբախյունը կարձագանքի հավիտենականի զանգերում:
Կդիպչես երկնքին քո ձեռքերով, ու այդ նույն ձեռքերը,
որ քեզ ամպ կդարձնեն, կփրկեն քո կյանքը:
Անկման պահին
միևնույն կլինի` ամուր կառչել ես, թե ընկնում ես անզոր.
երբ ստիպված կլինես ընկնել,
կընկնես:
Երբևէ ձեռքերդ չեն դիպչի որևէ բանի, որին հոգիդ չի դիպչել:
Կթակես շատ դռներ,
երբեք չեն բացվի, եթե ազնվությամբ չես մոտեցել:
Թակիր անթաքույց՝ ասելով ՝թակելու եմ:
Երբ տեսնես` «Չթակել», թակիր:
Երբ քեզ ասեն «Թակիր», լավ մտածիր:
Չերկմտես, երբ հարկավոր է օգնության ձեռք մեկնել.
հինգ մատը միասին ձեռք են։
Չերկմտես, երբ հարկավոր է փակել այն քեզ պաշտմանելու համար.
հինգ մատը միասին բռունցք են:
Եթե մյուս այտդ դեմ էլ տաս,
Թող լինի համբույրի համար:
Գրկիր, սեղմիր, քամիր, գուրգուրիր, օրորիր դեմքեր քո ձեռքերով,
Ու թույլ տուր, որ հանգստանան, եթե դա է նրանց անհրաժեշտ:
Եթե մատնացույց ես անելու, դիպչելով արա,
Որպեսզի ում դիպչում ես, կարողանա պատասխանել:
Հեռվից վախկոտներն են մատնացույց անում:
Չփափագես կառչել անցյալից, արդեն անցել է:
Չփափագես գրկել ապագան, այն գրկախառնություններ չի սիրում:
Մերկացրու ոտքերդ ու տրորիր սրբազան հողը, որ տեսել է քո ծնունդը:
Դա՛ կարող ես լինել ամեն պահի:
Շոշափիր քո ներկան, դիպի՛ր դրան, առանց  ձախողումից վախենալու:
Կառչիր նրանից, ասես կյանքդ է դրանում, որովհետև
դրանում է լինելու կյանքդ:
Քեզ կասեն, որ աստծուն հնարավոր չէ դիպչել, քեզ խաբած կլինեն:
Դիր ձեռքդ սրտիդ վրա ու կզգաս, որ դիպչում ես աստծուն, որովհետև այնտեղ,
ճիշտ այնտեղ, քո պոռթկման հորձանքներում աստված թողել է իրենից
մի կտոր:
Կհոտոտես քո այրվածքները
ու ծխակոլոլ ցավերիդ մեջ կնկարես մաքուր սերմեր:
Շնչելիս կասես ինքդ քեզ. «Ես արդեն եղել եմ այստեղ ու ակամա վերադարձել եմ»:
Կշնչես ուրիշների արտաթորանքը:
Որքան շուտ հասկանաս, որ նույն հոտն ունի, ինչ քոնը,
այնքան շուտ կկարողանաս ազատ արտաթորել:
Կզգաս ծովի հոտը, հեռավորության, սարի, ահռելիության,
գիշերվա, սառույցի, հալքի, վախի հոտը:
Վախը միշտ նույն հոտն ունի:
Քո հոտառության ընկերը դարձիր. այն կփրկի կյանքդ:
Կզգաս հոտեր,  որ քեզ կթռցնենկտանեն՝
տեսնելու տեսարաններ, որ երբևէ չես երազել, երազել`
դառնալով պատկերներ քո շնչառության պատերի մեջ:
Հոտառությամբ կզգաս այն, ինչն անկյան ետևում սպասում է քո անցնելուն,
ու երբ թեքվես, ոչ ոքի չես գտնի այնտեղ: Ոչ ոքի:
Մի պահ կանգ առ ու սպասիր, երբեմն արժե սպասել:
Բայց միշտ չէ, որ սպասել իմացողն է հաղթում:
Երբեք էլ միշտ չեն հաղթում:
Կապրես՝ կյանքը հոտոտելով:
Քո հոտառությունը քեզ կսովորեցնի, որ կան սանդղահարթակներ, որոնցից վատ հոտ է գալիս, որ գարշահոտ են,
բայց չմոռանաս, որ կյանքը  ծնվում է թրիքից:
Կհոտոտես քո մենությունը, ու իր բուրմունքով կճանաչես այն:
Կժպտաս, կճանաչես նրան:
Կժպտաս ու ներս կթողնես նրան:
Կհոտոտես քո մենությունը, ու նա քեզ կհոտոտի:
Կմիաձուլվեք, դրա համար էլ կոչվում է միայնություն:
Միայն նրա հոտերի մեջ քեզ ապաստան կգտնես:
Քո հոտառությունը կփրկի կյանքդ ու այն կբարդացնի:
Չվախենաս, վստահիր նրան,
իսկական ճշմարտությունները նրանք են, որ հնարավոր չէ շոշափել,
նրանք, որ բանականությունը երբեք չէր կարողանա փոփոխել:
Քո ծիծաղների արձագանքը քո բերանում համեր կդառնա. երբեմն քացախ,
երբեմն ձեթ, երբեմն շաքար, երբեմն աղ:
Ծիծաղիր, հակառակ դեպքում ազատությունը կուչ կգա քիմքիդ ետնամասերում:
Նրա անցքերում, անկյուններում, լուսումութերում կթաքցնես համեր,
թրթիռներ, կասկածներ, դող, գրկախառնություններ, ատելություններ,
լացեր, պատրանքներ, սպիտակ դրոշներ ու քո քայլքի հետքերը:
Քո բերանը քեզ կյանք կտա կամ կյանքդ կառնի:
Մի համտեսիր միայն, այն կարելի է ծամել, վայելիր բառերի համը:
Ըմբոշխնիր դրանք:
Թող քո շունչը կենդանություն առած դառնա քո զենքը, քո հարձակումը,
քո պաշտպանությունը, քո մտածմունքը, գետնին ամուր կանգնած քո ոտքերը:
Թող քո լռությունները քրտնեն բառեր,  բայց բերանդ անխոս մնա:
Խոսելը հաճելի համ ունի, լսելը հենց համն է: Մեկը չկա առանց մյուսի:
Շուրթերդ կհամբուրեն երկինքներ:
Կհամբուրես մայր կյանքը, ու նախամայր հողը քեզ կհամբուրի:
Երբ համբուրես, համբուրիր առանց մտածելու:
Եթե որոշես չհամբուրել, չանես:
Բայց թող երկար ժամանակ չանցնի, այլապես շուրթերդ կմոռանան, որ բերան են:
Կհամտեսես ուրիշների կյանքը, երբ մեկի տեղ երկու բերան կունենաս:
Քո շունչը կբռնանա ուրիշ մեկի հոգուն, ու քո հոգին թույլ կտա իր վրա բռնանալ:
Ձեր շնչերը կբախվեն ամեն ելևէջի հետ..…:
Բառերը կլողան համրորեն:
Կհամտեսես քո շուրթերի հայելիում ճամփորդություններ դեպի Այլևս երբեք-ի երկիր,
ու այլևս երբեք նույնը չի լինի, երբեք:
Կճաշակես  իմաստության համը, միայն եթե հասկանաս,
որ ձախողման մեջ ես աճում,
ու որ հաղթելը
դժբախտ պատահար է:
Եթե թույլ տաս որ քո հպումը ծնվի սրտից,
եթե նայես վախին` նրան աչքով անելով,
եթե սիրո բույրերը հավերժ ապրեն քո հոտառությունում,
եթե լսես քո խորքերի  ազատ տողերը,
եթե ճաշակես համը անարատության՝ առանց ապացուցելու բան ունենալու:
եթե ապրես ամեն վայրկյան քո հինգ զգայարաններով,
քո զգոն բարությունը դարձնես քո զինակիրը
պատիվը` միայն բառ,
ոչ դրոշըդրոշդ,
հաղթանակներդ՝ պարտություններ,
բնազդական անգիտակցականը` քո խոստովանահայրը….
եթե լայն բացես աչքերդ, երբ պետք լինի բացել,
ու շատ ամուր փակես, երբ պետք լինի փակել
Ամեն բան կանցնի աչքերը փակել ու բացելու պես արագ

փոքրիկ Ալինա:

Իսպաներենից թարգմանությունը՝ Նարինե Բարսեղյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment