«Կարմիր փուչիկը», Պաուլ Կլեե |
«Անգործությունը»՝ հետաձգումը, մտորումները, մեդիտացիան, ինքնախարազանումը, արթմնի զառացանքները …. բոլորիս ծանոթ են մտքի «թափառումների» տարբեր ձևեր: Դրանցից որոշները սահմանափակում են մեր աճն ու զարգացումը, իսկ մյուսները բարելավում են ոչ միայն մտավոր, այլև ստեղծագործական ունակությունները: Նեյրոէսթետիկայի ոլորտի մասնագետները, որ ուսումնասիրում են մեր ուղեղի տարբեր ռեժիմների կենսաբանական գործընթացները, պնդում են, որ մտքի թափառելու ամենաարդյունավետ ձևերից մեկը կարող է լինել արվեստի հետ փոխգործակցությունը: Եկեք հասկանանք, թե ինչպես և ինչու է դա տեղի ունենում:
Վերածննդի դարաշրջանի նկարիչ Ալբերխտ Դյուրերի ընկերները նրան անվանել են «մտքի թափառման» արվեստի վարպետ: Ինչպես գրել է գերմանացի հումանիստ Վիլիբալդ Պիրկհայմերը, Դյուրերը ընկղմվում էր իր իսկ հաճելի մտքերի մեջ, և այդ րոպեներին «ասես Երկրի ամենաերջանիկ մարդնը լիներ»:
Մեզանից շատերը ծանոթ
են «մտքի թափառման» տարբեր ձևերին՝ հետաձգում, մտորումներ, մեդիտացիա, ինքնախարազանում,
երազում: Չնայած որոշ մտավոր թափառումներ արդյունավետ են թվում, մյուսներն, անկասկած,
դառնում են վատ սովորությունների մի մասը, որոնք խանգարում են մեզ զարգացնել մեր ներուժը:
Այո, երազանքները կարող են իրականությունից հանգստանալու հնարավորություն տալ և ոգեշնչման
աղբյուր դառնալ: Միևնույն ժամանակ, մենք ծանոթ ենք նաև որոճելուն՝ մտքի հակումին կառցելու
և ապարդյուն ծամելու նույն մաստակը, երբ ինքներս մեզ հետ ենք, մանավանդ, երբ գտնվում
ենք դեպրեսիայի, տագնապային հոգեբանության կամ կպչուն մտքի ճնշման տակ:
Կարո՞ղ է արդյոք արվեստն
ինքնին կատալիզատոր լինել, որը մեզ կմղի ավելի արդյունավետ հույզերի և հոգեբանական
վիճակների: Մեզանից շատերը գիտեն, որ արվեստի հետ շփվելը, լինի դա գրականության, ռեփի,
թե վերացական նկարչության տեսքով, բարելավում է մեր մտքերի ուղղությունն ու հոսքը:
Գերմանացիները մի հիանալի ասացվածք ունեն մտքի անգործության (ծուլության) օգուտների
մասին. «Die Seele baumeln lassen», ինչը նշանակում է «Թող հոգին ճախրի»: Նեյրոէսթետիկայի
զարգացող գիտությունն այժմ փորձում է ուսումնասիրել այդպիսի «թափառումների» հիմքում
ընկած կենսաբանական գործընթացները:
Պետք է նշել, որ ժամանակակից
ճանաչողական գիտությունը ներկայացրել է մի շարք ապացույցներ այն մասին, որ հոգեբանական
վիճակները պատճառի և հետևանքի ալիքներ են ուղարկում և ստանում ամբողջ մարմնով: Մտածեք
այն մասին, թե ինչպես է ձեր բերանը թքով լցվում, երբ նայում եք ախորժելի շոկոլադե տորթի
լուսանկարին կամ ինչքան լարված եք զգում, երբ դիտում եք հետաքրքիր ֆիլմի կարդ: Մտքերը,
զգացմունքներն ու հույզերը՝ թե՛ անգիտակից, թե՛ գիտակցված, ներկայացնում են բազմաթիվ
կենսաբանական պրոցեսների սոմատիկ կասկադ: Եվ արվեստը ինչ-որ կերպ ընդգրկված է այս կասկադի
մեջ:
2-րդ դարի հունական
ծագմամբ հին հռոմեացի բժիշկ Գալենը շատ բան գիտեր մտքի և մարմնի կապի մասին: Նա համարում
էր, որ մտքի թափառումը ֆիզիկական և մտավոր հոգնածության արդյունք է, ուստի դրանից խուսափելու
համար սահմանեց տրամաբանական, ծանր, կառուցվածքային աշխատանքի ռեժիմ:
Գալենին է վերագրվում «Ծուլությունը մարմինը արյունով է լցնում» արտահայտությունը:
Ի նկատի ունի, որ կենտրոնացումը մի տեսակ հոգեբանական կենսավարժանք է, որին մենք պետք
է դիմենք՝ մեր կամակոր միտքն ու մարմինը սանձած պահելու համար:
Այնուամենայնիվ, ավելի
վաղ ավանդույթի համաձայն, երազելու հակումը դիտվում էր որպես բարեկեցության բանալին:
Գալենի նախնին՝ հույն բժիշկ Հիպոկրատը, պնդում էր, որ մտքով թափառելը առողջ մնալու
լավագույն միջոցն է: Հոգեբանության ժամանակակից հետազոտությունը ցույց է տվել, որ խոհուն
երեխաներն ու մեծահասակները ճանաչողականության ավելի շատ ճկունություն են դրսևորում
և ավելի լավ են կատարում «կառավարման» գործառույթները, լինի դա խնդրի լուծում, պլանավորում,
թե սեփական մտքերի և զգացմունքների կառավարում:
Որպես գործողության
մեջ ուղեղի դիտարկման մեթոդ, նեյրոտեսանելիացումը օգնում է բացահայտելու ուղեղի գործընթացները,
որոնք փոխկապակցված են համապատասխան հոգեկան վիճակների հետ: Եթե դուք հետևեք հանգստի
վիճակում գտնվող և ոչնչի մասին չմտածող մարդկանց ուղեղին, ապա կպարզվի, որ ուղեղը անգործ
չէ, այն ակտիվանում է ուղեղի պասիվ ռեժիմի «ցանցի՝ (ՈՒՊՌՑ) հատվածներում: Այն սերտորեն
կապված է ինքնահղման մտածողության, ինքնափորձի և ինտուիցիայի համար պատասխանատու գոտիների
աշխատանքի հետ: Ավելին, գործունեության այս նույն օրինաչափությունները հրահրվում են
նախածնային ուղեղի կեղևում օրինաչափությունների ակտիվացմանը զուգահեռ, տարածք, որը
սովորաբար կապված է բոլոր կարևոր «գործադիր» գործառույթների հետ: Զարմանալի է՝ որքան
ուժեղ են կապերը ուղեղի այս երկու տարածքների՝ ինտուիցիայի և գործադիր գործառույթի
միջև, այնքան մարդ ավելի շատ ստեղծագործականություն է ցուցաբերում խնդիր լուծելիս:
Ուղեղի ուսումնասիրությունները
ցույց են տալիս փոխկապակցվածություն, բայց ոչ պատճառահետևանքային կապ: Սակայն նույնիսկ
այդ դեպքում կա մի ակնարկ, որ խոհունությունը կարող է խթանել մեզ մտածելու ավելի արդյունավետ
և ստեղծագործականորեն՝ ինչ-որ կերպ ամրապնդելով մեր ինքնազգացողությունը, միացնելով
մարմինն ու միտքը մտածողականության և կենսաբանական գործողությունների շղթայում: Արվեստը
կարող է լինել և՛ կատալիզատոր այս տեսակի երազների համար, և՛ կարգավորման ու վերահսկման
գործիք: Արվեստի հիմնական հատկությունները (ցածրի ու բարձրի ներդաշնակ տոնայնությունը,
նկարի գույները) և դրա բովանդակության խորությունը (երգի բառերը, նկարում մարդու դեմքի
արտահայտությունը) կարող են առաջացնել մտորումներ և հույզեր, և մշտապես կանդրադառնան
մեր մարմնի ֆիզիոլոգիայի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ ստեղծագործական
մտածողությունը և արվեստի գործերի հետ փոխհարաբերությունները փոխկապակցված են ՈՒՊՌՑ-ի
գործունեության հետ, հատկապես, երբ մարդիկ հայտնում են, որ գեղագիտական փորձը խիստ
հզոր և իմաստալից է եղել իրենց համար: Երևում է՝ այս պահերին արվեստի հետ մեր հանդիպումը
ինքնակենսագրական տեսիլեր, «ես- գործոնին» վերաբերող հոսքային զգացումներ է առաջ
բերում:
Իհարկե, արվեստը կարող
է լինել անօգուտ մտորելու պատճառ: Նույն երգի կրկնումն անընդհատ ունկնդրելը չի օգնի
ձեզ հաղթահարել վիշտը: Բայց արվեստի առաջ բերած տխրությունը միշտ չէ, որ մեզ մտավոր
խառնաշփոթի մեջ է դնում: Իրականում արվեստը կարող է օգնել մեզ հարմարվելու ցավի անմիջական
աղբյուրին և գործելու որպես հուզական կատարսիսի աջակցություն: Մենք բոլորս
ծանոթ ենք այն տարօրինակ, հաճելի, մխիթարիչ զգացողությանը, որը գալիս է մի լավ լաց
լինելուց հետո: Պարզվում է, որ դա պայմանավորված է պրոլակտին հորմոնի անջատմամբ, որը
մասնակցում է իմունային համակարգի ամրապնդմանը և այլ մարդկանց հետ կապեր ստեղծելու
գործընթացին: Արվեստը դառնում է համեմատաբար անվտանգ հարթակ հուզական փորձառությունների
համար, համեմատած իրական իրավիճակների հետ, որոնք մեզ արցունքների են հասցնում: Անգամ
տխուր կամ ճնշող արվեստը կարող է օգտագործվել մտքի թափառման միջոցով դրական, հոգեբանական
մաքրում առաջացնելու համար:
Պատմության մեջ երազկոտության
և ստեղծագործականության կապի բազմաթիվ օրինակներ կան: Ահա դրանցից մեկը. արվեստի գերմանացի
պատմաբան Աբի Ուարբուրգը (1866-1929) իր հազարավոր գրքերից բաղկացած գրադարանն այնպես
կազմակերպեց, որ դրանց դասավորությունը նպաստեր մտքի թափառմանը: Նրա հավաքածուն դարձավ
Լոնդոնի Վարբուրգի ինստիտուտի սիրտը, որտեղ մենք այժմ իրականացնում ենք մեր հետազոտությունները:
Գրադարանի չորս հարկերից յուրաքանչյուրը նվիրված է չորս թեմաներից մեկին՝ պատկերին,
բառին, կողմնորոշմանը և գործողությանը, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթաթեմատիկայի՝ «մոգություն
և գիտություն», «դասական տեքստերի փոխանցում» և «արվեստի պատմություն»: Որոշ գրքերի
համար լավ հարևան գտնելու Վարբուրգի յուրահատուկ մոտեցումները 17-րդ դարի խունացած
բժշկական հատորը դնելն է նույն դարակում ՝ մաթեմատիկայի, տիեզերքի և ներդաշնակության
վերաբերյալ տեքստերի հետ: Գրքերի այս դասավորությունը դարակում նպաստում է մտավոր ինտուիտիվ
խորաթափանցության , երբ ձեր մտքերը գրաված գրքից անցնում եք մեկ այլ ինտրիգային գաղափարի
կամ թեմայի, որը ձեր մտքով նույնիսկ չէր անցել:
Արվեստը բարձր է գնահատվում
մշակույթների և հասարակությունների մեծ մասում: Այն հաճախ պատկերվում է որպես քրտնաջան
ճանաչողական վարժություն՝ մոռանալով, որ արվեստը հնարավորություն է տալիս բուռն հուզական
ապրումների, դրական մտորումների և հոգեբանակենսաբանական ինքնակարգավորման: Դյուրերը,
թերևս, լավագույնս պատկերացրել է նման անգործության օգուտները հետևյալ բառերով. «Երբ
մարդը նվիրվում է արվեստին, նա շատ դժվարություններից կխուսափի, եթե պարապ չնստի»:
Թարգմանությունը՝ Լիլի Գրիգորյանի
No comments:
Post a Comment