Friday, April 22, 2022

Էրիկ Սաթի


 Որոշ բաներ, որ գուցե չգիտեք «Պարոն նախագուշակի» մասին

Մենք նշում ենք ֆրանսիացի երգահան Էրիկ Սաթիի ծննդյան տարեդարձը, ով այս տարի 156 տարեկան կդառնար։ Նա ծնվել է Օնֆլերում, 1866 թվականի մայիսի 17-ին։ Սաթիի ողջ կյանքը նշանավորվեց հակաակադեմիական և ոչ կոնֆորմիստ երգահանի համբավով։ 

Սաթի մարդատյացը 
Չնայած որ նա հանդիպում էր շատ անհատականությունների ու արվեստագետների, որ պաշտում էին իրեն, Էրիկ Սաթին շատ ընկերներ չուներ։ Երաժշտական ոլորտի վերաբերյալ նրա հիմնական զրուցակիցը Կլոդ Դեբյուսին էր, ով նրան «Պարոն Նախագուշակ» էր անվանում։ Մի անգամ նա ասել է․ «Եթե ես չունենայի Դեբյուսի, որ խոսեր այն բաների մասին, որոնց մասին խոսում են ոչնչով աչքի չընկնող մարդիկ, ես չգիտեմ, թե ինչպես կկարողանայի արտահայտել իմ խեղճ մտքերն այնքանով, որքանով դեռ արտահայտում եմ»։ Պետք է նաև նշել, որ Սաթին ինքնաոչնչացման և մարդատյացության ընդգծված ճաշակ ուներ։ Նա նաև շատ թշնամիներ էր ձեռք բերում։ Մորիս Ռավելի մասին, որ հրաժարվել էր Պատվո լեգեոնի շքանշանից, նա ասել է․ «Ռավելը հրաժարվել է Պատվո լեգեոնի շքանշանից, բայց նրա երաժշտությունն ընդունում է այն»։ 

Սաթի գծանկարիչը՝ տարված հովանոցներով 
Էրիկ Սաթիին, անկասկած, հարված էր հասցնում բացառիկ ազատությունը, որը փայլում էր նրա յուրաքանչյուր պիեսում, ինչպես նաև իր ստեղծագործությունների յուրաքանչյուր վերնագրում, բայց նրա կյանքը և սովորությունները լիովին բավարար էին երկու բան խառնելու համար։ Լինելով նկարելու սիրահար՝ նա սովորություն էր ձեռք բերել էսքիզներ անելու փոքրիկ ստվարաթղթե տուփերի վրա (դրանցից շուրջ 4000-ը գտնվել են նրա բնակարանում)՝ ինչպես բազմաթիվ փոքրիկ սյուրռեալիստական պատմվածքներ գրելը՝ մենությունը ցրելու համար։ Նրա մյուս մեծ մոլուցքը հովանոցներն էին․ այնքան մեծ, որ երբ անձրև էր տեղում, նա երբեմն իր հովանոցը պահում էր վերնահագուստի տակ։ Միայն Էրիկ Սաթին կարող էր նման բան անել․․․

Սաթի՝ 40-ամյա ուսանող 
Երբ նա 1878 թվականին ժամանեց Փարիզ, Էրիկ Սաթին վերադարձավ՝ ապրելու իր հոր հետ, որն այդ ընթացքում նորից էր ամուսնացել։ Հենց խորթ մայրն էր, որ պահանջեց, որ Սաթին ընդունվի կոնսերվատորիա։ Նա կոնսերվատորիա հաճախեց յոթ տարի՝ առանձնապես աչքի չընկնելով, և ավելի շատ ինքնակրթությամբ էր, որ հասավ երգահանի մասնագիտությանը։ Ասել է թե՝ գրեթե 40 տարեկանում նա դեռ բռնում է դպրոցի ճամփան՝ անկասկած ազատվելու համար «անկիրթ» երգահանի իր կերպարից։ Նա սովորեց Փարիզի Schola Cantorum-ում՝ իրենից երեք տարով փոքոր պրոֆեսորի մոտ, ում անունը Ալբեր Ռուսել էր։ 
Նախքան քառասուն տարեկան դառնալը Սաթին այնքան էլ չէր սիրում սովորել։ Ոչ էլ ընդհանրապես կանոնների կողմնակից էր․ 20 տարեկանում, երբ կոնսերվատորիայում հերթական անգամ ձախողվեց, նա խնդրեց իրեն բանակ զորակոչել։ Բայց դա նոր հակում էր, որ երկար չտևեց, քանի որ նա դիտավորյալ հիվանդացավ, որպեսզի զինվորական ծառայությունից ազատվի։ Պետք է նաև նշել, որ նա ձմռան ցրտին մերկացրել էր կրծքավանդակը՝ վստահ լինելու, որ թոքերի այտուց ձեռք կբերի։ Լսենք նրա «Pièces Froides»-ը, որը կապ չունի դրա հետ, բայց մոտիվն է։



Սաթիի «Parade» բալետը՝ «սյուրռեալիզմ» բառի ծագման սկզբնաղբյուրում
Էրիկ Սաթին երկար ժամանակ նվագել է կաբարեներում և մյուզիք-հոլլում, մի բան, որը, ի դեպ, շատ վատ է տարել։ Մյուզիք-հոլլի համար, իր բառերով, նա  գրում էր միայն «կոպիտ ու անվայելուչ գործեր»։ Եվ այդ «կոպիտ ու անվայելուչ գործերի» մեջ, այնուամենայնիվ,աչքի ընկնողը «Parade» բալետն է՝ Ժան Կոկտոյի, Պաբլո Պիկասոյի և Լեոնիդ Մյասինի հետ համագործակցության արդյունքը (խորեոգրաֆիայի համգար)։ Սա բալետ է, որը կայտառորեն միախառնում է կուբիզմը, ֆուտուրիզմը և մյուզիքլը, բալետ, որը սկանդալ առաջացրեց, և որը նույնիսկ մի լրիվ նոր բառի ծագման սկզբնաղբյուր դարձավ, քանի որ հենց այս «Parade» բալետի մասին խոսելու համար Գիյոմ Ապոլիները հորինեց «սյուրռեալիզմ» բառը։



Էրիկ Սաթին և Ժան Կոկտոն՝ բալետի ստեղծման մեջ գործընկերները, նաև մեկ այլ բանի սկզբնաղբյուրն էին՝ մի շարժումի, երգահանների վերախմբավորման, որոնց ոճն ընդհանրապես նման չէր։ Այդ պատճառով էլ նրանք զգում էին, որ համախմբված են ոչ թե ընդհանուր էսթետիկայով, այլ պարզապես ընկերությամբ․․․ Դարիուս Միյոն, Լուի Դյուրեն, Ժորժ Օրիկը, Արթուր Հոնեգերը, Ֆրանսիս Պուլենկը և Ժերմեն Թայեֆերը, նաև հայտնի որպես «Վեցյակ»՝բոլորն էլ սերում էին Կոկտոյին և Սաթիին, բայց նրանք՝ վեցն էլ  նաև նույն կերպատում էին Վագներին։

Աղբյուրը՝ rtbf.be 

Թարգմանությունը՝ Լուսի Ղարիբյանի
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան

No comments:

Post a Comment