Monday, May 3, 2021

Ջինսե բաճկոնով աղջիկը. Էնդրյու Ռոսիտեր


Մաս 2-րդ
սկիզբը
Աղջիկը պայուսակը դրեց ծնկներին և բացեց: Պայուսակում գրքեր էին, ու ես հասցրի դրանցից միայն մեկի վերնագիրը կարդալ․ անգլերեն սովորելու մասին էր: 
Ես մտածեցի, որ նա գուցե օտարերկրացի ուսանողուհի է, կամ որևէ տան աշխատող: Հետաքրքիր է, թե որ երկրից էր նա: Այլևս չկարողացա ինձ ստիպել ինչ-որ բան նրան ասել, և նա նույնպես ինձ ոչինչ չասաց: Երբ գնացքը մոտենում էր Հարոուին, վագոնում մնացած մարդկանցից շատերը վեր կացան, որպեսզի իջնեն: Սակայն ես ու աղջիկը մնացինք մեր տեղերում: Հետաքրքիր է, թե ինչու չսկսեցի խոսել նրա հետ: Միգուցե նա նույնպես Ուաթֆորդ էր գնում: Որոշեցի կայարանից հետո ինչ-որ բան ասել: 
Լսվեց արգելակների ճռռոցը, գնացքը կանգ առավ: Դռները բացվեցին, և մարդկանց մեծ մասը դուրս եկավ, վագոնը գրեթե դատարկվեց: Միայն հինգ հոգի մնացին իրենց տեղերում՝ երկու տղամարդ, մի ծեր կին, ես և ջինսե բաճկոնով աղջիկը: Ես նայում էի առաստաղին՝ սպասելով դռների փակվելուն: Սակայն գնացքը չէր շարժվում, ու դռները չէին փակվում: Դա տարօրինակ էր․ սովորաբար Հարոյում ոչ մի ուշացում չէր լինում: Ինչո՞ւ չենք շարժվում: Վայրկյանները րոպեներ էին թվում, քանի որ ցանկանում էի, որ գնացքը նորից շարժվի: Ի՞նչ էր կատարվում:
Վերջապես որոշեցի այլևս չսպասել. 
— Հետաքրքիր է՝ ի՞նչն է մեզ կանգնեցնում, — ասացի։
— Այո՛, արդեն երկար ժամանակ է,- պատասխանեց նա կոտրված անգլերենով: 
Ես ավելի համարձակ շարունակեցի. 
— Դու տեղացի չես, չէ՞: Որտեղի՞ց ես եկել: 
Այդ պահին երկու տղամարդ և մի կին աղմուկով մտան վագոն ու կանգնեցին դռան մոտ՝ նայելով շուրջը: 
— Ահա՛ նա,- բղավեց կինը,- եկե՛ք: 
Նրանք երեքով արագ շարժվեցին դեպի մեր կողմը, և կինը մի քարտ պահեց աղջկա քթի մոտ:
— Ոստիկանությո՛ւն,- ասաց նա կտրուկ,- Մեզ հետ եկեք և մի՛ փորձեք որևէ հիմար բան անել, մենք արդեն հայտնաբերել ենք ձեզ: 
— Ավելի լավ է՝ պարզապես հանգիստ մեզ հետ գաք,- ասաց հետևում կանգնած տղամարդը, որը տեսուչի տեսք ուներ:
— Ի՞նչ, ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ է սա,- ասաց աղջիկը՝ զարմացած և վախեցած նայելով: Նա բռնեց թևիցս: 
— Ի՞նչ կա,- զայրացած ասացի ես,- ի՞նչ է կատարվում, հանգիստ թողեք նրան: 
— Քո գործով զբաղվիր, երիտասա՛րդ,- կոպիտ ասաց տեսուչը,- թե չէ քեզ էլ կտանենք: 
Նրանք բռնեցին աղջկա թևերից և տարան նրան դեպի դուռը: Մի պահ աղջիկը դիմադրեց, ու նրա մի ձեռքը ազատվեց: Խառնաշփոթի մեջ թևնոցն ընկավ հատակին, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց: 
Նրանք հրեցին աղջկան վագոնից դուրս և տարան դեպի կառամատույց: Ես լսեցի, թե ինչպես նրանցից մեկը գոռաց՝ լավ է: Ես շրջվեցի՝ տեսնելու, թե ինչպես են աղջկան տանում․ նա դիմադրում էր, բայց նրան քարշ էին տալիս դեպի կայարանի ելքը: Մի պահ աղջիկը նայեց ինձ, և ես տեսա, թե ինչպես է լաց լինում: Հետո դռները փակվեցին, և գնացքը շարժվեց: 
Կայարանի լույսերը դանդաղ անցնում էին աչքերիս առջևով, հետո ավելի արագ, իսկ հետո ամեն ինչ մթնեց: 
Նստած փորձում էի հասկանալ, թե ինչ պատահեց հենց նոր։ Աչքովս ընկավ աղջկա թևնոցը: Կռացա, վերցրի այն: Դա ինքնության թևնոց էր: Ես շրջեցի այն, որպեսզի կարդամ անունը․․․․Անուն չկար:

Աղբյուրը  

Թարգմանությունը՝ Միլենա Մադոյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

No comments:

Post a Comment