Monday, April 20, 2020

Աստված մեռած է. ի՞նչ էր ուզում ասել Նիցշեն

Արդեն հարյուր տարուց ավելի է անցել, ինչ Ֆրիդրիխ Նիցշեն հայտարարեց. «Աստված մեռած է»: Բայց ի՞նչ է դա նշանակում: «Big think»-ի թղթակից Սքոթի Հենդրիքսը անդրադարձել է նրան, թե ինչ կար փիլիսոփայի մտքին, ով և ինչպես էր փորձել փոխարինել Աստծո պատկերը 20-րդ դարի մարդկանց մտքերում և ինչն է մարդուն օգնում ապրել առանց աստվածության՝ հուսահատության ու քաոսի մեջ չընկնելով:


Ավելին քան հարյուր տարի է անցել, ինչ Նիցշեն հայտարարեց, որ «Աստված մեռած է» (կամ «Gott ist tot» գերմաներեն)՝ դրանով իսկ փիլիսոփայության ուսանողների մոտ գլխացավանք ապահովելով, ինչը շարունակվում է մինչ այսօր: Այս նախադասությունը դարձավ Նիցշեի ամենահայտնի արտահայտությունը, դա նույնիսկ նրանք գիտեն, ովքեր ծանոթ չեն «Զվարթ գիտություն» գրքին, որտեղ այն ասվում է: Բայց ինչքա՞ն լավ ենք ընկալում այդ բառերի իմաստը: Կամ ավելի կարևոր է ՝ ի՞նչ են նշանակում դրանք մեզ համար:
Նիցշեն իր հասուն կյանքի ընթացքում աթեիստ էր, հետևաբար, արտահայտության բառացի իմաստը բացառված է, այն ավելի շատ Աստծո գաղափարի մասին է: Լուսավորության դարաշրջանից հետո այն գաղափարը, թե մեր տիեզերքը կառավարվում է ֆիզիկայի օրենքներով, այլ ոչ թե աստվածային նախախնամություններով, դարձավ իրականություն: Փիլիսոփայությունը ցույց է տվել, որ իշխանության օրինականությունը արդարացված է ոչ թե աստվածային օծմամբ, այլ քաղաքացիների համաձայնությամբ: Դա հիշարժան իրադարձություն էր: Եվրոպային այլևս հարկավոր չէր Աստված, որպես բարոյականության, մարդկային արժեքների կամ տիեզերական օրենքների աղբյուր: Փիլիսոփայությունն ու գիտությունը գրավեցին այդ տեղը: Եվրոպայի զանգվածային աշխարհիկացումն օգնեց Նիցշեին հասկանալու, որ Աստված ոչ միայն մահացել է, այլև մարդիկ են նրան սպանել ՝ իրենց գիտական հեղափոխություններով, իրենց՝ աշխարհը ճանաչելու ցանկությամբ:
Սակայն Աստծո մահը Նիցշեն չի ընդունում, որպես լիովին դրական ֆենոմեն: Առանց Աստծո Արևմտյան Եվրոպայի հիմնական հավատքի համակարգը վտանգված էր: «Չաստվածների մթնշաղ» գրքում փիլիսոփան գրել է. «Երբ հրաժարվում եք քրիստոնեական հավատքից, զրկվում եք քրիստոնեական բարոյականության իրավունքից: Վերջինը ինքնին հասկանալի չէ… Քրիստոնեությունը համակարգ է, իրերի համահունչ և ամբողջական տեսակետ: Եթե դրանից հանում եք հիմնական հայեցակարգը ՝ Աստծո հանդեպ հավատը, ապա ոչնչացնում եք այն ամբողջովին»:
Սակայն ըստ Նիցշեի՝ շատ մարդկանց համար իրադրությունների այսպիսի շրջադարձը կարող է լավ նշան լինել ՝ «…երբ լսում ենք լուրերը, թե «հին Աստվածը մեռած է», մենք ՝ փիլիսոփաներս ու «ազատ հոգիներս» հանդիպում ենք նոր լուսաբացի»: Պայծառ ապագան արդեն առջևում էր: Երբ իմաստի նախկին համակարգը հնացավ, նորը ստեղծելու հնարավորություն առաջացավ: Բայց Նիցշեն հավատում էր, որ այդ համակարգի վերացման հետևանքով մարդկանց մեջ կառաջանար հուսահատություն: Ի վերջո հարց է ծագում ՝ ո՞րն է կյանքի իմաստը, եթե գոյություն չունի Աստված, եթե նույնիսկ Աստված եղել է, ամբողջ Արևմտյան Եվրոպան այժմ գիտեր, որ նա մեզ չի դրել տիեզերքի կենտրոնում: Մեր առջև բացվել է իրական աշխարհը: Տիեզերքը չի ստեղծվել բացառապես մարդկության գոյության նպատակով: Նիցշեն վախենում էր, որ աշխարհի նման ընկալումը կտաներ դեպի զանգվածային հոռետեսություն, «ոչնչի կամք»ը հակասում էր կյանքը հաստատող փիլիսոփայությանը:
Նիցշեն նկարագրել է նիհիլիզմի հանդեպ իր վախը և մարդկության արձագանքը իր ՝ «Կամք առ իշխանություն» գրքում. «Ինչի մասին խոսում եմ, պատմությունն է հաջորդ երկու դարերի, նկարագրում եմ ՝ ինչ է մոտենում, որ այլևս չի կարող գալ այլ ձևով…
Ամբողջ մեր եվրոպական մշակույթը վաղուց շարժվում է ինչ-որ տանջալից լարվածության մեջ, և դա կարծես գնում է դեպի աղետ»:
Նիցշեին չէին զարմացնի իր մահից հետո Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները: Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածված կոմունիզմը, նացիզմը, նացիոնալիզմը և այլ գաղափարախոսություններ ձգտում էին մարդուն տալ բանվորի կամ Արիացու նշանակություն ու արժեքներ, ինչպես քրիստոնեությունը նշանակություն տվեց Աստծո զավակներին Երկրի վրա կյանքի տեսքով: Թեև Նիցշեն գուցե հերքեր այդ բոլոր գաղափարախոսությունները, բայց անկասկած կընդուներ մարդկության անհրաժեշտությունը տրված իմաստի մեջ:
Կանխատեսելով իրողությունների հնարավոր արդյունքը ՝ փիլիսոփան մեզ ելքի ճանապարհ առաջարկեց ՝ մեր անհատական արժեքների ստեղծումը, կյանքի իմաստի ստեղծումը նրանց կողմից, ովքեր ապրում են իրենց կյանքը: Դրան ունակ անհատի արքետիպը «գերմարդ»ն է (Übermensch): Այնուամենայնիվ, Նիցշեն նրան ներկայացնում էր անհասկանալի իդեալի տեսքով, որին մեծ մասը չէին կարող հասնել: Գերմարդը, ով, ինչպես նրան էր թվում, արդեն պետք է գոյություն ունենար Երկրի վրա, կստեղծեր կյանքի իմաստը, հենվելով իր սեփական կամքի վրա, և կգիտակցեր, որ ի վերջո մարդիկ իրենք են պատասխանատու իրենց ընտրությունների համար: Իր՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքում փիլիսոփան գրում է. «Այո, արարումի խաղի համար, իմ եղբայրներ, հարկավոր է մի սրբազան Այո-ասել, իր կամքն է կամենում այժմ ոգին, իր աշխարհն է շահում աշխարհակորույսը այդ»:
Համարձակ գերմարդը, հաշվի առնելով իր արժեքները, չի հենվի դոգմայի կամ հասարակության կարծիքի վրա:
Ենթադրելով գերմարդ ստեղծելու դժվարությունները՝ Նիցշեն առաջարկեց այլընտրանքային պատասխան նիհիլիզմին, այն, որ մարդիկ հավանաբար կընտրեին «Վերջին Մարդը, «Ամենաարհամարհական բանը», որն ապրում է խաղաղ կյանքով ՝ չմտածելով իր անհատականության ու անձնական աճի մասին,-Մենք գտանք երջանկություն,-ասում են վերջին մարդիկ ու փայլում»: Մարդկանց, որոնց նա քարոզում էր, հետաքրքրում էր վերջին մարդու ապրելակերպը: Նիցշեն նրան համարում էր ամենահավանական որոշումը ՝ կապված Աստծու մահվան հետ համակերվելու մարդկանց ունակության հետ:
Այնուհանդերձ մեկը կարող է հարցնել. «Եթե մենք գիտենք, որ Աստված վաղուց մահացել է, ինչու՞ մենք բոլորս չենք դառնում աթեիստ», Նիցշեն ասում է. «Աստված մեռած է, բայց մարդկանց էությունն այնպիսին է, որ հազարամյակների ընթացքում կգտնվեն քարանձավներ, որտեղ երևացել է նրա շողքը»:
Թերևս, մենք միայն հիմա ենք տեսնում փիլիսոփայի հայտարարության դրսևորումը:
Աթեիզմը ավելի ու ավելի հայտնի է դառնում գրեթե բոլոր եվրոպական քաղաքներում, և նրա նորահայտ աճը Միացյալ Նահանգներում ցույց է տալիս նոր մշակութային անցում: Բայց, ի տարբերություն այն ժամանակվա, երբ աթեիզմը հարկադրված էր կոմունիստական խմբերի կողմից, հիմա աշխարհայացքի կարիք չկա, որն աջակցում է Աստծո բացակայությունը: Նա պարզապես չկա: Եվ, իսկապես, բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասսելը բոլշևիզմը գործնականում համարեց կրոն ՝ դա իմաստ էր տալիս ու արժեքներ թելադրում մարդկանց: Բայց այս աղբյուրը դադարեց գոյություն ունենալ առանց հավատքի նշանակության:
Ինչպես շատ աթեիստներ գիտեն, Աստծո բացակայությունը առանց լրացուցիչ փիլիսոփայական կառուցվածքի, որը դրան իմաստ է տալիս, կարող է գոյության ճգնաժամի պատճառ դառնալ: Արդյո՞ք մենք մեր սեփական անիմաստությունից տառապող հասարակություն դառնալու վտանգի մեջ ենք: Արդյո՞ք մենք նիհիլիզմի եզրին ենք: Արդյո՞ք մենք ավելի խոցելի ենք գաղափարախոսությունների ու խաբեբաների համար, որոնք խոստանում են անել այն, ինչ Աստված է արել մեր և մեր հասարակության համար: Մինչդեռ ամերիկացիները գնալով ավելի հոռետեսորեն են վերաբերվում ապագային, աթեիստներն ավելի քիչ են, քան հավատացյալ մարդիկ: Երկարաժամկետ հեռանկարում Նիցշեն կարծես թե սխալվել է մեր ՝ Աստծո մահը հաղթահարելու ունակության մեջ:
Թերևս, մենք ավելի լավ կարողացանք հաղթահարել Աստծո մահը, քան Նիցշեն կարծում էր: Մեզնից ոչ բոլորն են այդ վերջին մարդը, մարդկությունն այնպիսի իրավիճակում չէ, որտեղ բարոյականությունը համարվում է հարաբերական ու անիմաստ: Թվում է, թե մեզ հաջողվել է ստեղծել աշխարհ, որտեղ մարդիկ Աստծո կարիքն ավելի քիչ ունեն առանց համատարած հուսահատության ու քաոսի:
Արդյո՞ք մենք, որպես անկախ մարդիկ, ձգտում ենք ստեղծել մեր սեփական արժեքները: Արդյո՞ք մենք ստեղծում ենք կյանքի իմաստ՝ առանց Աստծո, դոգմայի օգնության կամ հանրային ընտրության: Մեզնից ոմանք գուցե այո, և եթե մենք հասկանանք Նիցշեի ՝ «Աստված մեռած է» նախադասության իմաստը, ավելի հավանական է, որ կստեղծենք մերը: Նրա մահվան պատճառով հուսահատվելը մեր կյանքին կտա նոր իմաստ, քանզի, ինչպես ասել է Ժան-Պոլ Սարտրը ՝ «Կյանքը սկսվում է հուսահատության մյուս կողմում»:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Մարինե Գալստյանի

No comments:

Post a Comment