Sunday, June 23, 2019

Վատ գաղտնիքներ


***
Փիթերը
ոտքով խփեց իր սեղանին և դուրս եկավ դասարանից: Կողքերի շարքերի սովորողները աղմուկից վեր թռան:
- Հե՛յ, - կանչեց մաթեմատիկայի ուսուցիչ միսթր Քլարքը Փիթերի հետևից, - նկատողությո՛ւն, - բղավեց նա:
Փիթերը ձեռքերը գրպանները խոթեց, կախեց գլուխը և ուսերը վեր բարձրացրեց, ասես մրսում էր: Սա ամսվա մեջ երրորդ անգամն էր, որ նա դասարանից դուրս էր գալիս:



***
Մարիան կրկին սպորտային համազգեստը չէր բերել: Սա այս կիսամյակ երկրորդ անգամն էր, որ նա «մոռացել» էր իր համազգեստն ու սրբիչը: Նա այլևս ոչ մի արդարացում չուներ:
- Այդքան էլ լավ չէ, Մարի՛ա, - ասաց նրա մայրիկը, երբ իրեն կանչեցին դպրոցից, - ես այսօր առավոտյան մաքուր սրբիչ եմ դրել քո մահճակալին: Ի՞նչ է կատարվում:
- Ոչինչ, մա՛մ, - ասաց Մարիան, ոչ բավական բարձր, որ մայրը լսի:
- Նայի՛ր ինձ և խոսի՛ր հստակ, - նյարդայնացած ասաց նրա մայրը, - ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչ ես ասում:
Մարիան աչքերը չբարձրացրեց: Նա չէր ուզում, որ մայրը հարցեր տա: Համենայնդեպս, մայրը չէր գտել զգեստը, կամ նոր սպորտային կոշիկները կամ ականջօղերը՝ նվերներ, որոնք Մարիան թաքցրել էր իր պահարանում: Մարիան չէր ուզում բացատրել, թե որտեղից կամ ում կողմից են դրանք: Վատ կլիներ, և կլինեին ավելի շատ հարցեր, որոնց Մարիան չէր ուզում պատասխանել:
- Լավ, բայց եթե չես պատմում, ես չեմ կարող օգնել քեզ:
***
Մի շաբաթ հետո Փիթերը և Մարիան դպրոցի տնօրենի գրասենյակի մոտ էին: Փիթերը զայրացած նայում էր պատին: Մարիան նայեց նրան և միանգամից ուրիշ կողմ թեքեց հայացքը: Նա գիտեր, թե ինչու է Փիթերն այդտեղ, որովհետև նրա դասարանից էր: Այսօր նա այնքան ուժեղ էր հարվածել նստարանին, որ այն զարկվել էր պատուհանին և կոտրել ապակին:
Մարիան պատկերացնում էր Փիթերի և տնօրենի խոսակցությունը:
- Ինչու՞ ես դա արել: Գիտե՞ս՝ ինչ թանկ են պատուհանները և կահույքը, - կասեր տնօրեն Հյուզը:
- Կներեք, ես ուղղակի զայրացած էի ուսուցչի վրա: Ես երբեմն զայրանում եմ, - կպատասխաներ Փիթերը:
- Ինձնից չէ, որ պետք է ներողություն խնդրես: Ահա փոխհատուցման կտրոնը: Ուղղակի մի արա նույն բանը նորից, և խնդիրը լուծված է, լա՞վ:
Խնդիր չէ:
Այս խնդրի պարզ՝ «Կներեք»-ով և գումարով լուծումն իր համար չէր: Նա կրկին հրաժարվել էր մասնակցել ֆիզկուլտուրային: Նրա մայրը դպրոցի ճանապարհին էր: Մարիան գիտեր, որ հարցեր կլինեն, հարցեր, որ ավելի շատ հարցեր կբերեն:
Նա նայեց, թե ինչպես է Փիթերը մտնում ներս: Չկարողացավ լսել նրանց խոսակցությունից ոչ մի բան, քանի որ նրանք չէին բղավում: Փիթերը հավանաբար ներողություն էր խնդրում: Մի քանի րոպեից Փիթերը հեռացավ առանց իրեն նայելու: Նա մինչև հիմա զայրացած տեսք ուներ:

****
Մարիան տասնութ րոպե չէր խոսում: Նա պատկերացնում էր իրեն՝ իր մոր և տնօրենի գլխավերևում թռչելիս և նայելիս, թե ինչ է կատարվում: Երբ նրանք իրեն հարց տվեցին, ուղղակի լուռ ուսերը վեր քաշեց: Դա լավ ծրագիր չէր, բայց գործեց, քանի որ նրանք դադարեցին հարցեր տալ որոշ ժամանակ հետո: Դժբախտաբար, դա չլուծեց իրական խնդիրը: Նա զգում էր պայուսակի մեջ իր հեռախոսի դզզոցը: Մարիան գիտեր, որ դա «նա» է: Ավելի ուշ նա ստիպված կլիներ պատասխանել Փիթերի հարցերին. որտե՞ղ էր նա, արդյո՞ք իր նոր զգեստն էր հագել, և նկատողությունը չէր փրկի նրան, եթե «նա» որոշեր սպասել դպրոցի դիմաց ամբողջ գիշեր:

***
Երկուշաբթի նկատողություն ստացած սովորողները միայն Փիթերն ու Մարիան էին, երեքշաբթի՝ նույնպես: Երկուշաբթի նրանք իրար չէին նայում, սակայն երեքշաբթի մտերիմ էին: Չորեքշաբթի, երբ հասան, Փիթերն ասաց. «Նորից բարև», և հեռանալիս Մարիան ասաց. «կտեսնվենք վաղը»:
Հինգշաբթի, երբ Փիթերն իր ուսապարկն էր անցկացնում գլխի վրայով, Մարիան նրա փորին կապտուկներ նկատեց: Երևում էր, որ դրանք երկար ժամանակ է՝ կան: Տղան տեսավ, որ Մարիան նայում է: Վերջինս թեքեց հայացքը, ասես ոչինչ էլ չի տեսել: Փիթերն իր շապիկը ներքև քաշեց, և նրա այտերը վարդագույն դարձան: Նրանք այդ օրը չխոսեցին միմյանց հետ, բայց Մարիան կարծում էր, որ դա նույնպես զրույցի մի տեսակ էր:
Մարիան մտածում էր, թե արդյոք կա մեկը, ումից Փիթերը վախենում է: Մեկը, ով սկզբում բարի էր, բայց հետագայում ուրիշ մարդ է դարձել: Մեկը, ով ստիպում է նրան ինչ-ինչ բաներ անել, և իրեն անհարմար զգալ: Մեկը, որ գաղտնիքներ էր պահում, և ասել էր նրան, որ նա նույնպես գաղտնիքներ պահի:
Ուրբաթ օրը Մարիան որոշեց իր հեռախոսի ձայնը չանջատել: Հետո՞ ինչ, որ ուսուցիչը կտեսներ հաղորդագրությունները: Երևի դա կլիներ սարսափ երազի վերջի սկիզբը: Բայց հեռախոսը ձայն չէր հանում: Նա զգեստի թևերը ծալեց մինչև արմունկները: Երկու ամիս ուշադիր ծածկել էր դրանք, բայց հիմա կապտուկներն անցել էին: Նա հիշեց, թե ինչ էր ասել իր մայրն իրեն օգնելու մասին: Ժամանակն էր սկսել խոսել, սկսել պատասխանել հարցերին, որ մեկը կարողանար օգնել: Նա ոչինչ չէր ասում, բայց հույս ուներ, որ Փիթերը կտեսնի իր թևերը և կլսի լուռ հարցը. «Դու՞ էլ»:

***
Թե ինչ մտածեց Փիթերը, երբ տեսավ Մարիայի թևերը, նա չիմացավ, որովհետև Փիթերը լքեց սենյակը առանց մի բառ ասելու: Այդ գիշեր Մարիան սպասեց, մինչ մայրը խոհանոցում ինչ-որ գործով զբաղված կլինի, որպեսզի խոսի նրա հետ:
Նա չգիտեր՝ ինչպես սկսել: Մտքում տարբեր նախադասություններ էր կրկնում, բայց չէր կարողանում առաջին բառն արտաբերել:
- Մա՞մ, վերջապես ասաց նա:
Մայրը շարունակոց նայել բանջարեղենին, որը պատրաստում էր.
- Հը՞մմ:
- Դպրոցում մի տղա կա, և..., - Մարիան կանգ առավ, - ես մի բան եմ տեսել:
- Ի՞նչ ես տեսել:
Նա գրավել էր մոր ուշադրությունը:
- Մի բան, որը նա չէր ուզում՝ ես տեսնեի: Գաղտնիք:
- Ի՞նչ գաղտնիք, - ուշադրությամբ ասաց մայրը:
- Վատ գաղտնիք, ես մտածում եմ, որ մեկը նրան ցավ է պատճառում, - ասաց Մարիան, - բայց ի՞նչ կլինի եթե պատմես մեկին, և բոլորը մտածեն, որ դա քո մեղքն է, կամ, ի՞նչ, եթե դու մեկին խնդիրների մեջ գցես և նա զայրանա:
- Վատ գաղտնիքները վատ են, մինչև պատմում ես մեկին, - ասաց մայրը, - այդ տղան պետք է պատմի մեկին, բայց պետք է ճիշտ մարդ ընտրի: Մեկին, ով նրան չի մեղադրի և կօգնի:
- Ո՞վ է ճիշտ մարդը, - հարցրեց Մարիան:
- Մեծահասակ, - ասաց մայրը, - ում նա վստահում է:
Մարիան խորը շունչ քաշեց: Նա պայուսակից հանեց իր հեռախոսը և բացեց հաղորդագրությունները: Առաջին բառը դեռ դուրս չէր գալիս:
- Մա՞մ, - վերջապես ասաց նա, - ես պետք է մի բան պատմեմ քեզ...

Աղբյուրը՝ Bad secrets
Թարգմանությունը՝ Լիանա Վահանյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

No comments:

Post a Comment