Tuesday, November 7, 2017

Նիկոլո Տեսլայի ութ ասույթներ

Նիկոլո Տեսլա
Մեծագույն ինժեներներից մեկը ծնվել է 157 տարի առաջ՝ 1856 թ. հուլիսի 10 ին: Կենդանության օրոք նրա հայտնագործությունների փառքը հաճախ հասնում էր ուրիշներին, բայց պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնում: Թերևս, բոլորից լավ դա գիտնականին իր Ձոնի մեջ արտահայտել է ամերիկացի քաղաքական գործիչ Ֆիորելլո Լա Գուարդիան, ով Տեսլայի մահվան պահին Նյու Յորքի քաղաքապետն էր. «Տեսլան իրականում մահացած չէ: Միայն նրա խեղճ մարմինն է անշարժացել: Տեսլայի իսկական ամենակարևոր մասը ապրում է իր նվաճումներում, որոնք իսկապես մեծ են, համարյա անհաշվելի են և դարձել են մեր քաղաքակրթության, մեր առօրյայի անբաժանելի մասը»: Նիկոլա Տեսլայի ծննդյան օրվա առթով կազմել ենք նրա կյանքի տարբեր բնագավառների մասին ասույթների ոչ մեծ ցուցակ:


1. Ապագայի տեխնոլոգիաների մասին
Շուտով հնարավոր կլինի հաղորդագրությունների անլար փոխանցումը ամբողջ աշխարհով, ինչը այնքան պարզ կլինի, որ ամեն ոք կկարողանա կրել իր հետ դրա համար սեփական սարքը և ղեկավարել այն:

2. Համբերության և պլանավորման մասին
Շ
ատ գյուտարարների խնդիրն է՝ նրանք համբերություն չունեն: Նրանց կամքի ուժը չի բավարարում ինչ-որ բան մտքում ուսումնասիրելու դանդաղ, հստակ և պարզ, այնպես, որ նրանք ճշգրիտ պատկերացնեն՝ ինչպես դա կաշխատի: Նրանք ուզում են անմիջապես փորձարկել մտքին առաջինը եկած գաղափարը և արդյունքում ծախսում են մեծ գումարներ և շատ լավ նյութեր՝ միայն փորձնական ճանապարհով պարզելու, որ սխալ ուղղությամբ են աշխատում: Բոլորս էլ սխալներ ենք անում, և ավելի լավ է անել դրանք նախքան ինչ-որ բան կատարելը:

3. Իր ժառանգության մասին
Ինչպիսին կլինի իմ հետազոտությունների արդյունքը՝ ցույց կտա ժամանակը: Բայց ինչպիսին էլ լինի այն և ինչին էլ հանգեցնի, ես ավելի քան գոհացած կլինեմ, եթե եկող սերունդները ընդունեն, որ ես, թեև փոքր, բայց ներդրել եմ իմ բաժինը գիտության զարգացման մեջ:

4. Անհատականության և մարդկության մասին
Խոսելով մարդու մասին՝ միաժամանակ պատկերացնում ենք ամբողջ մարդկությունը, և կիրառելով գիտական մեթոդները առանձին անհատի նկատմամբ՝ պետք է հաշվի առնել այդ ֆիզիկական փաստը: Կարո՞ղ է այսօր որևիցե մեկը կասկածել, որ այս բոլոր միլիոնավոր անհատականությունները, անվերջ տեսակները և բնավորությունները մի ամբողջություն են կազմում:
Չնայած կամքի և գործողության ազատությանը՝ մենք միմյանց հետ ենք մնում, ինչպես երկնակամարի աստղերն են միացած անխզելի կապերով: Այդ կապերը անտեսանելի են, բայց մենք կարող ենք դրանք զգալ: Իմ կտրած մատը, որը արյունահոսում է, իմ մասն է: Ես տեսնում եմ ընկերոջս ցավը, և այդ ցավը ինձ էլ է խոցում. միասնական ենք ես և ընկերս: Եվ դիտելով ջախջախված թշնամուն, նույնիսկ նրան, ում համար ամենաքիչը կցավեի ամբողջ տիեզերքում, ես, միևնույն է, ողբում եմ: Մի՞թե դա ապացույց չէ, որ մենք մի ամբողջության մասնիկ ենք:

5.Վատնողության մասին
Մենք կառուցում ենք, որպեսզի քանդենք: Մեր ջանքերն ու ռեսուրսները մեծամասամբ վատնած են: Մեր առաջընթացը կրում է ամայության կնիքը: Ամենուր միայն ժամանակի, ջանքերի և կյանքի վատնում է: Տխուր, սակայն ճշմարիտ պատկեր:

6. Կոկիկության մասին
Յուրաքանչյուրը պետք է համարի իր մարմինը մի անգին պարգև նրանցից, ում ամենաշատն է սիրում, արվեստի հոյակապ ստեղծագործություն: Մարդկային գոյության մտահղացման մեջ ամփոփած աննկարագրելի գեղեցկությունն ու գաղտնիքը այնչափ նուրբ են, որ նույնիսկ խոսքը, շունչը, հայացքը, նույնիսկ միտքը կարող են վնասել այն: Հիվանդությունները ու մահը բազմացնող փնթիությունը ոչ միայն ինքնաքայքայող, այլև անհավատալիորեն բարոյազանց սովորույթ է:

7. Իր գյուտերը յուրացնողների մասին
Թող ապագան պատմի ճշմարտությունը և գնահատական տա յուրաքանչյուրին իր աշխատանքներին և նվաճումներին համապատասխան: Ներկան նրանց է պատկանում, իսկ ապագան, հանուն որին ես իրոք աշխատել եմ՝ ինձ:


8.Կյանքի գաղտնիքների մասին
Կյանքը մի չլուծվող հավասարում է և միշտ կլինի այդպիսին, թեպետ պարունակում է մի քանի հայտնի գործոններ

Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

1 comment:

  1. կեցցես, շատ լավ մտքեր էիր ընտրել )

    ReplyDelete