Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 9, 2017

Իմ տպավորությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից

Չնայած իմ երիտասարդ տարիքին, ես միջազգային քաղաքական մարմինների հետ աշխատելու նշանակալի փորձ ունեմ, որը ձեռք եմ բերել Եվրոպական խորհրդարանում, Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունում և Միավորված ազգերի կազմակերպությունում անցկացրած պրակտիկայի շնորհիվ։ Ես աշխատել եմ նաև Ինդոնեզիայի զբոսաշրջության նախարարության հետ՝ սոցիալական զարգացման ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեսնում եք, սիրում եմ ընդունել նոր մարտահրավերներ։ Մինչ Հայաստան գալս ես շատ հետաքրքրված էի այդ երկրի ավանդույթներով և ուզում էի ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել Հայաստանի պատմությունից։ Դա էր գլխավոր պատճառը, որ ամիսներ առաջ որոշեցի աշխատել ԱՅՍԵԿ-ի հայաստանյան կոմիտեի հետ։ Այն պիտի ևս մեկ գլուխ ավելացներ իմ միջազգային երկար կարիերայում։ Այսպես, ես դարձա տեղական զարգացման դասընթացավար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:


Հենց սկզբից զգացի, որ ծրագիրը խանդավառող է ու դրական, չնայած որ ավագ դպրոցում աշխատելու փորձ չունեի։ Այդ պատճառով էլ հենց առաջին օրվանից ես բաց էի բոլոր աշակերտների և նրանց կյանքի զանազան պատմությունների առաջ։ Այն, ինչ գտա կրթահամալիրում, գերազանցեց իմ սպասելիքները։ Նախ՝ դպրոցը երաշխավորում է բազմակողմանի կրթություն։ Մեր կյանքը բաղկացած չէ միայն հումանիտար և բնական գիտություններից։ Ես տեսա, թե ինչքան ֆանտաստիկ դասընթացներ կարող են վայելել այստեղի սովորողները։ Կրթության այս զարմանալի միջդիսցիպլինար համակարգը ներառում է նաև հայկական ավանդական պարեր, զանազան սպորտաձևեր, լուսանկարչության ուսուցում, երաժշտական կրթություն և շատ այլ բաներ։

Երկրորդ՝ շատ տպավորված եմ այստեղի ուսուցիչների վերաբերմունքից. նրանք իրոք նվիրված են իրենց աշխատանքին։ Նրանք զգում են իրենց առաքելության կարևորությունը, և երբ դա համատեղվում է առաջադեմ տեխնոլոգիաների հետ, վերջնական արդյունքը շատ տպավորիչ է դառնում սովորողների համար, ովքեր իրենց աշխատանքի մեծ մասը կատարում են առցանց։

Վերջապես, ամենատպավորիչը լիարժեք մոտիվացված սովորղների թիվն էր։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր դպրոցի հաջողության կարևորագույն պայմանը աշակերտների և ուսուցիչների՝ միասին ինտերակտիվ աշխատելու մոտիվացիան է։ Հենց այդ ոգևորությունն է, որ տանելու եմ ինձ հետ այստեղից։ Իմ աշակերտների մեծամասնությունը կարողանում էր ազատ խոսել տարբեր լեզուներով, նվագել երաժշտական գործիքներ, նկարել և երգել։ Բացի այդ՝ նրանք շատ բաց հայացքներ ունեն և հետաքրքրասեր են աշխարհի նկատմամբ։ Դա այն է, ինչը կհիշեմ Հայաստանի մասին։

Ընդհանուր առմամբ, ես շատ հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մասը կազմելու այս հասարակության։ Եթե ես նորից հնարավորություն ունենամ, մի օր կվերադառնամ Հայաստան և կհետևեմ, թե ինչպես է այն զարգանում։ Ես հավատում եմ, որ այս փորձառությունը ժամանակի վատնում չէր։ Այն տպավորությունը, որ ստացել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներից, կօգնի ինձ իմ հետագա ակադեմիական կարիերայում։ Հուսով եմ՝ իմ աշակերտներից ոմանք համարում են, որ այս դասերը կոգևորեն իրենց՝ հետագա դասերում և հետաքրքրություններում։ Վերջապես, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ղեկավար Մարթա Ասատրյանին, տիկին Իրինա Ապոյանին և ձեզ, իմ սիրելի աշակերտներ։ Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ապագայում։



Մարեկ Շեք
Թարգմանությունը՝ Սոնա Բեզիրգանյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment